ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Միջոցառում՝ նվիրված Կանանց տոների միամսյակին
ՖՈՏՈ ԱՐԽԻՎ
Մարտի 31-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Շենգավիթի ցերեկային կենտրոնում կազմակերպվել էր գրական, երգի և ձեռքի աշխատանքի խմբակների միջոցառումը՝ նվիրված Կանանց տոների միամսյակին:
Շենգավիթի բարեգործական ճաշարանում ձեռքի աշխատանքի խմբակի շահառուները ժողովրդական վարպետ, շահառու Լենա Կարապետյանի ղեկավարությամբ իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսն էին կազմակերպել ճաշասրահում: Ցուցահանդեսի ներկաները հիացմունքով էին դիտում ներկայացված ասեղնագործ սփռոցները, նրբաճաշակ անձեռոցիկները, թաշկինակները, ժանյակները, ուլունքներով հյուսված ծաղիկներն ու զամբյուղները, մաքրամեի աշխատանքները:
Ճաշասրահի անկյունում ներկայացված էին նաև շահառուների՝ Սուրբ Զատիկի տոնին նվիրված թեմատիկ աշխատանքները՝ հյուսկեն տիկնիկներ իրենց հագուստներով, թռչուններ և կենդանիներ:
Ցուցահանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև գրական և երգի խմբակի անդամ շահառուները: Նրանք կարդացին Վ. Տերյանի, Հ. Շիրազի, Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները՝ նվիրված գարնանը և սիրուն: