Skip to main content

Հաշմանդամությունը խոչընդոտ չէ աշխատելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հաշմանդամությունը խոչընդոտ չէ աշխատելու համար

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Հաշմանդամություն ունեցող անձիք սեփական օրինակով ապացուցել են` հաշմանդամությունը խոչընդոտ չէ աշխատելու համար.
Սաթիկ Գևորգյանը հիմնեց սեփական փոքր բիզնեսը «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

Սաթիկ Գևորգյանը Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շահառուներից է, ով մասնակցել է Ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակներում իրականացվող «Դիմահարդարում» դասընթացին, և ներկայացնելով բիզնես ծրագիր, դարձել է դրամշնորհառուներից մեկը: Սաթիկը հենաշարժողական լուրջ խնդիրներ ունի և ինչպես տեղեկացանք նրա հարազատներից, հիվանդությունը Սաթիկից խլել էր ապագայի հետ կապված հույսերն ու նպատակները:
Սակայն այսօր՝ փետրվարի 12-ին, մենք Սաթիկի հետ հանդիպեցինք իր սեփական «Մարի Ռոսս» գեղեցկության սրահում, որը նա հիմնել էր Ծրագրին մասնակցության արդյունքում ստացած դրամաշնորհի միջոցով: Բացման արարողության ժամանակ Սաթիկը շնորհակալական խոսքով հանդես եկավ՝ շեշտելով Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի ունեցած դերը իր այսօրվա ձեռքբերումների և երջանկության մեջ: Նա նշեց, որ երբեք չէր հավատա, որ այդքան դժվարություններից հետո կրկին կկարողանա ապագայի նկատմամբ հույսով լցվել, հստակ նպատակներ ունենալ և իհարկե կամք ու պատրաստակամություն՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ դրանց հասնելու ճանապարհին:
«Շատ չարչարանքների միջով եմ անցել իմ առողջությունը վերականգնելու ճանապարհին, և հիմա ես քայլում եմ: Կյանքը ինձ սովորեցրել է պայքարել, և այս անգամ էլ հավատով էի լցված, որ կհաղթեմ, և Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության թիմի աջակցության շնորհիվ այսօր տեսնում ենք իրականություն դարձած երազանք: նրանց շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ: Սա մեծ հեղաշրջում է իմ կյանքում, և ոչ միայն իմ, այլև ինձ հետ ուսուցում ստացած բոլորի կյանքում»:
Սաթիկը հուզմունքով նշեց, որ Ծրագրին մասնակցությունը նախ և առաջ բարձրացրել է իր ինքնագնահատկանը և վստահությունը սեփական անձի հանդեպ. «Ես ինձ այսօր բիզնես լեդի եմ զգում, և չեմ կարող բառերով բացատրել՝ դա ինչ նշանակություն ունի ինձ համար»:

Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ: