Skip to main content

Նարինե Արշակյան

Ես Նարինե Արշակյանն եմ: Ծնվել եմ 1982 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Իմ մանկությունն անց եմ կացրել այնտեղ: 1999թ.-ին դարձա Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիոլոգիայի բաժնի ուսանողուհի: Այժմ սովորում եմ երրորդ կուրսում. Ինձ դուր է գալիս իմ ապագա մասնագիտությունը: Երբ լսեցի «Առաքելություն Հայաստանի» գործունեության մասին, որոշեցի ինձ այնտեղ փորձել որպես կամավոր: «Առաքելություն Հայաստանում» մեզ հաղորդեցին, որ մենք կարող ենք իրականացնել տարբեր գործառույթներ՝ ծերերին եւ երեխաներին օգնելու հարցում:
Արդեն երկու ամիս է, ինչ ես աշխատում եմ որպես կամավոր «Առաքելություն Հայաստանում»: Ես կատարում եմ թարգմանություններ, հարցեր եմ մշակում երեխաների մրցումների համար եւ պատրաստվում եմ նրանց հետ հոգեբանական դասընթացներ անցկացնել: Ես նաեւ սիրում եմ աշխատել մեծահասակների հետ եւ մասնակցել սոցիոլոգիական հարցումներին: Մի խոսքով, ինձ շատ է դուր գալիս աշխատել այստեղ: Եթե որեւէ մեկը հարցնի արդյոք ինչու՞ եմ սիրում այստեղ կամավոր լինել, ես կասեմ, որ անում եմ այդ անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց օգնելու նպատակով, որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան: Ես ձգտում եմ օգնել մեծերին, որպեսզի նրանք գոնե ինչ-որ ժամանակով մոռանան մռայլ մտքերը, չնայած նրան, որ դա շատ դժվար է անել: Ինչ վերաբերում է փախստականների՝ խոցելի ընտանիքների երեխաներին, ես ուզում եմ օգնել նրանց իրենց հասակակիցների շրջապատում ներգրավվելու հարցում: Կան երեխաներ, ովքեր նույնիսկ չեն կարողանում գրել կամ կարդալ: Ես ձգտում եմ օգնել նրանց, որ սովորեն այբուբենը եւ, առնվազն, գաղափար կազմեն գրականության, պատմության, մշակույթի, արվեստի եւ այլնի մասին: Մտքերս ի մի բերելով՝ կցանկանայի ավելացնել, որ ես մեծ պատասխանատվություն եւ հպարտություն եմ զգում՝ լինելով կամավոր «Առաքելություն Հայաստանում»:

Մարտ, 2003թ.