Ողջու՛յն… Ես Գայանե Վերմիշյանն եմ: Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ես «Առաքելություն Հայաստանի» կամավոր եմ 2002 թվականի մարտ ամսից:
Ես սիրում եմ այն ամենն, ինչ գեղեցիկ է, սակայն մարդկանց մեջ ամենից շատ գնահատում եմ հոգեւոր գեղեցկությունը: Սպորտի սիրահար եմ, մասնավորապես սիրում եմ վոլեյբոլ եւ թենիս: Սիրում եմ նաեւ լավ երաժշտություն, պարում եմ սպորտային պարեր: «Առաքելություն Հայաստանում» կամավորական աշխատանքիս ընթացքում սովորեցնում եմ պարել խոցելի փախստական ընտանիքների երեխաներին: Այս երեխաները չեն կարող իրենց ուժերով պարի խմբակներ հաճախել, քանի որ ի վիճակի չեն վճարել դրանց համար: Այդ իսկ պատճառով շատ հուզիչ է տեսնել այս երեխաների դեմքերը, երբ նրանք գալիս են պարի դասընթացներին: Բացի պարային դասընթացներից, ես օգնում եմ տարբեր հարցումների իրականացմանը «Առաքելություն Հայաստանի» շահառուների շրջանում:
«Առաքելություն Հայաստանում» կամավոր աշխատելու հիմնական խթանը չափազանց մեծ օգնության կարիք զգացող մարդկանց աջակցելն է: Բացի այդ ձգտում եմ դառնալ ավելի փորձառու իմ ապագա մասնագիտության մեջ: Դեռ ավելին, ես հավատում եմ, որ օգտակար լինելը եւ կարիքավոր մարդկանց օգնելը ավելի մեծ ուրախություն է, քան ուղղակի փորձառություն ստանալը:
Նոյեմբեր, 2004թ.