Ես Աննա Վարդանյանն եմ: Սովորում եմ Երեւանի պետական լեզվաբանական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում: Միաժամանակ աշխատում եմ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում ՝ որպես կամավոր: Ես ուսուցանում եմ անգլերեն փախստական երեխաներին, ովքեր ապրում են ժամանակավոր ապաստաններում: Փաստ է, որ այն փախստականները, ովքեր չունեն մշտական կացարաններ, գտնվում են սոցիալական ծանր վիճակում եւ ի վիճակի չեն ինքնուրույն վճարել կրթական ակումբներ հաճախելու համար: Այդ պատճառով նրանք շատ ուրախ էին, երբ իմացան, որ ես անվճար կվարեմ անգլերենի դասերը: Ներկայումս սա իմ դասընթացների երրորդ ամիսն է: Երեխաները սիրով հաճախում են դասերին եւ սովորում անգլերեն: Դասարանում կա մոտ 10 երեխա: Նրանք հավանում են դասը վարելու իմ ոճը, եւ ես հաճույքով եմ նրանց դասավանդում, քանի որ սիրում եմ իմ ապագա մասնագիտությունը, ինչպես նաեւ երեխաների հետ աշխատելը: Դասավանդումը ինձ հնարավորություն է տալիս կիրառել իմ գիտելիքները, եւ դա ավելացնում է մի այլ դրական շունչ իմ կամավորությանը: Ի վերջո, ես ուրախ եմ գիտակցել, որ կարող եմ օգտակար լինել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Դա է պատճառը, որ ես շարունակում եմ աշխատել որպես կամավոր «Առաքելություն Հայաստանում»:
Մարտ, 2003թ.