“Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպության Երևանի և ՀՀ մարզերի գրասենյակներում գործում են թվով 20 ցերեկային կենտրոններ։ Ցերեկային կենտրոնի շահառու են հանդիսանում․
— տարեցները (65+)
— 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք
Ցերեկային կենտրոնների նպատակն է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար ապահովել զբաղվածություն, ինքնադրսևորման հնարավորություն, շփման շրջանակի ընդլայնում, նոր հմտությունների ձեռքբերում, ակտիվ մասնակցություն համայնքային կյանքին։
Կազմակերպության կողմից ներդրված և առաջարկվող համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման ընդհանրական մոդելը հնարավորություն է ընձեռնում շահառուներին բազմաբնույթ ծառայություններ ստանալ իրենց համայնքներում՝ Կազմակերպության` վերանորոգված, սարքավորումներով հագեցած և կահավորված ցերեկային կենտրոններում. յուրաքանչյուր կենտրոնում առկա են սոցիալական սենյակներ, բուժկետեր, տարբեր միջոցառումների իրականացման համար նախատեսված դահլիճներ։
Ցերեկային կենտրոններին կից գործում են նաև բարեգործական ճաշարաններ, որոնք հնարավորություն են տալիս շահառուներին օրական մեկ անգամ ստանալ կալորիականությամբ հարուստ տաք կերակուր:
Ցերեկային կենտրոնում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
— ազատ ժամանցի, խմբակների, մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների կազմակերպում,
— սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն,
— առաջնային բուժօգնության տրամադրում,
— սննդի (տաք ճաշի) տրամադրում,
— անհրաժեշտության դեպքում լվացքի ծառայության տրամադրում,
— այլ ծառայությունների տրամադրում՝ ըստ անհրաժեշտության:
Ներկայումս Կազմակերպության ցերեկային կենտրոնները գործում են հետևյալ համայնքներում՝ Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Նոր- Նորք, Ավան, Աջափնյակ, Նուբարաշեն, Գյումրի, Արթիկ, Վանաձոր , Ալավերդի , Սպիտակ, Տաշիր, Ճամբարակ, Սևան, Կապան, Սիսիան, Արտաշատ, Մասիս, Հրազդան , Չարենցավան։