Skip to main content

Մամիկոնյան Մեծ տիկինը


Սիրանուշ Մարգարյանն ապրում է Երեւանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 4 հասցեում գտնվող վթարային հանրակացարանում իր հինգ որդիների, հարսի եւ թոռան հետ:
Բնակարանը շատ փոքր է, կոմունալ պայմանները գրեթե բացակայում են: Տան ողջ կահավորանքն իրենից ներկայացնում է մի քանի աթոռ, մի փոքր սեղան, չորս մահճակալ, որի վրա հազիվ են տեղավորվում ընտանիքի անդամները, եւ խոհանոցային որոշ սպասք:
48-ամյա Սիրանուշը օր ու գիշեր աշխատում է՝ տանը բլիթներ է պատրաստում, հանձնում խանութներին եւ այդպես վաստակում օրվա հացը: Որպես սոցիալապես անապահով ընտանիքի` նրանց օգնության ձեռք է մեկնում “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունը, որի բարեգործական ճաշարանից տիկին Սիրանուշը շաբաթվա հինգ օրերին տաք սնունդ է բերում տուն:
Որդիներից միայն երկուսն են չափահաս, մյուս երեքը դեռ դպրոցական են: Գերազանց սովորող այդ երեք երեխաներն ամեն առավոտ մի խնդիր ունեն՝ ի՞նչ հագնել դպրոց գնալու համար: Լավ հագուստը միշտ բաժին է հասնում նրան, ով շուտ է արթնանում, սակայն հաճախ զիջումներ էլ են լինում. օրինակ` եթե այդ օրը տղաներից մեկը մի “կարեւոր” տեղ ունի գնալու, նա ընտրում է ամենահարմար հագուստը, իսկ մյուսները հարմարվում են մնացածներին:
“Կյանքիս իմաստը որդիներս են”,- ասում է տիկին Սիրանուշն ու պատմում նրանց մասին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի բնավորությունն ու նախասիրությունները:
Սիրանուշը 22 տարի աշխատել է Կապի եւ տրանսպորտի նախարարությունում, հեռագրավար էր: “Մի անգամ մրցույթ հայտարարվեց ողջ Անդրկովկասի հեռագրավարների: Ինձ ղեկավարությունն առաջարկեց մասնակցել, քանի որ արդեն աչքի ընկնող աշխատող էի: Գրավեցի առաջին տեղը: Դա ինձ համար նոր հաջողության սկիզբը դարձավ. ինձ առաջարկեցին հեռակա կարգով բարձրագույն կրթություն ստանալ: Այդ տարիներին ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Ամուսնացանք: 1984 թվականին ծնվեց առաջնեկս՝ Էդգարը: Չորս տարի անց ծնվեց Արթուրը, իսկ 1991 թվականին, երբ ծնվեց երրորդ որդիս՝ Արմանը, ինձ Կապի նախարարությունը, որպես պարտաճանաչ եւ լավ աշխատող, հատկացրեց այս հանրակացարանային բնակարանը, որն այն ժամանակ ընդամենը մեկ սենյակից էր բաղկացած: 1992 թվականին ծնվեց չորրորդ որդիս՝ Արամը”,- հիշում է Սիրանուշը:
Ծանր ժամանակներ սկսվեցին Հայաստանում, եւ նրանց ընտանիքը եւս հայտնվեց դժվարին վիճակում: Ամուսինը ավտոբուսի վարորդ էր, շատ ցածր աշխատավարձ էր ստանում: Գնալով կարիքները շատանում էին, իսկ ընտանեկան լարվածությունը՝ խորանում: Եվ ահա, 1994 թվականին ամուսինը, չդիմանալով սոցիալական խնդիրների ծանրությանը, լքում է ընտանիքը՝ հղի կնոջ ուսերին թողնելով չորս որդիների խնամքը:
“Դա կյանքիս ամենածանր շրջանն էր: Սկզբում ենթագիտակցորեն չծնված որդուս էի մեղադրում իմ դժբախտության համար, կարծում էի, թե եթե նրա գոյությունը չլիներ, ամուսինս մեզ չէր թողնի: Սակայն միշտ իմ կյանքի ամենադժվարին պահերին ինձ բարի մարդիկ են հանդիպել, ովքեր օգնել են հաղթահարել խոչընդոտները: Որդուս ծնվելու ժամանակ՝ այդ դժվարին պահերին, ինձ հետ էր իմ բժիշկը, ով ինձ օգնում էր եւ՛ նյութապես, եւ՛ բարոյապես: Իմ երախտագիտությունը նրան հայտնելու համար որդուս նրա անունով կնքեցի՝ Կարեն: Նրա ծննդյամբ իմ բոլոր տառապանքներն ու ցավերը կարծես ի չիք դարձան: Այժմ չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե չլիներ Կարենը: Որդիներիցս ամենաշատը նրա հետ եմ կապված, նա կարծես իմ ընկերը, իմ խորհրդատուն ու իմ օգնականը լինի”,- պատմում է Սիրանուշը:
Երբ Կարենը ծնվում է, էլ ավելի է ծանրանում նրանց սոցիալական վիճակը: 10 քմ տարածք ունեցող սենյակում վեց հոգանոց ընտանիքը դժվարանում էր ապրել, ուստի տիկին Սիրանուշը, որպես բազմազավակ եւ միայնակ մայր, դիմում է տարբեր պետական կառույցների՝ իրեն հավելյալ սենյակ տրամադրելու համար, սակայն ոչ մի արդյունքի չի հասնում:
“Մի օր որոշեցի հանրապետության նախագահին հեռագիր ուղարկել՝ խնդրելով ընդունել ինձ: Ճիշտն ասած, այնքան էլ հույս չունեի, որ ինչ-որ արձագանք կստանամ, սակայն, ի զարմանս ինձ, մի քանի ժամ անց ստացա պատասխան: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել էր հենց հաջորդ օրն ինձ ընդունել: Պատրաստվեցի, հագա ամենագեղեցիկ զգեստս, մազերս հարդարեցի, այն ժամանակ երկար ու գեղեցիկ էին, կարծես իսկական հայուհի լինեի, եւ գնացի նախագահի նստավայր:
Երբ ներս մտա նրա աշխատասենյակ, նա անմիջապես տեղից վեր կացավ, մոտեցավ ինձ, առաջարկեց նստել: Հարցրեց՝ ինչ հարցով եմ եկել: Ներկայացրեցի իմ կարգավիճակը՝ բացատրելով, որ անհնար է այդ պայմաններում հինգ որդի մեծացնել՝ լինելով միայնակ ու անապահով, եւ խնդրեցի, որ իմ սենյակի կից սենյակը եւս տրամադրեն մեզ: Երբ իմացավ, որ Կապի նախարարությունում եմ աշխատում, հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ հարցով դիմել եմ իմ ղեկավարությանը, պատասխանեցի, որ այո՝ դիմել եմ, սակայն մերժել են: Միանգամից վերցրեց հեռախոսն ու զանգեց: Ես քարացած սպասում էի: Սկզբում չէի հասկանում՝ ում է հետ է խոսում, սակայն հետո հասկացա, որ մեր նախարարին է զանգել: Հարցրեց, թե ինչու՞ են իմ խնդրանքը մերժել, հավանաբար մյուս կողմից ինչ-որ պատճառաբանություններ հնչեցին: Հանկարծ ձեռքն ուժեղ խփեց սեղանին, գրասեղանի տուփով գրիչները դուրս թափվեցին, ապա բարձր ձայնով ասաց. “Ես պահանջում եմ, որ այս կնոջ հարցին շտապ լուծում տրվի եւ արդյունքը հաղորդվի”: Հեռախոսը ցած դրեց, ապա հանգիստ ձայնով ինձ ասաց. “Տիկի՛ն, ձեր պահանջը կկատարվի, մի՛ անհանգստացեք”: Քսանչորս ժամ անց այդ սենյակն իմ տրամադրության տակ էր”,- շարունակեց իր պատմությունը Սիրանուշը:
Սիրանուշը նորածին Կարենին հանձնում է ավագ որդու խնամքին, ով հազիվ տասը տարեկան էր, եւ սկսում աշխատել: Աշխատում է՝ որտեղ պատահի. ճաշարանում ափսեներ է լվանում, թխվածքաբլիթներ է թխում, անգամ աշխատում է գիշերները՝ հացի փռում:
2000 թվականից ի վեր առողջական խնդիրների պատճառով նա այլեւս չի աշխատում Կապի նախարարությունում:
“Որդիներս իմ հպարտությունն են, ինձ թվում է՝ ես նրանց ճիշտ եմ դաստիարակել, որովհետեւ, լինելով սոցիալապես անապահով եւ առանց հոր, նրանք երբեք վատ ճանապարհ չեն բռնել:
Հիշում եմ` մի օր Զինկոմիսարիատից մի մարդ եկավ, ավագ որդուս հարցրեց, ասաց՝ ձեր տղան պիտի ծառայի բանակում, ինչու՞ չի ներկայանում Զինկոմիսարիատ: Հետո ի միջի այլոց հարցրեց, թե կարո՞ղ է էլի տղա ունեմ, ասացի՝ այո, դեռ չորսն էլ ունեմ: “Դա շատ լավ է, փաստորեն այս տնից դեռ շատ զինվորներ պիտի տանեմ”,- պատասխանեց նա: Զայրացա եւ ասացի. “Եթե էդքան շատ եք ուզում հինգ զինվոր տանել իմ տնից, երբեւէ հարցնու՞մ եք, թե ես ինչպես պիտի այդ զինվորներին մեծացնեմ, որ տամ ձեզ”: Շատ հուզված էի, եւ այդ մարդը եւս զգացվեց: Վերջում, երբ գնում էր, ասաց. “Դուք Մամիկոնյան Մեծ տիկինն եք”: Դրանից հետո, երբ ինձ հանդիպում էր, ասում էր՝ ինչպե՞ս եք, Մամիկոնյան Տիկին”“,- ասում է Սիրանուշը:
Ավագ որդին՝ Էդգարը, արդեն ծառայել է բանակում: 2006 թվականին 22-ամյա Էդգարը իր հարսնացուին բերում է տուն: Նույն տարում ծնվեց Սիրանուշի առաջին թոռը:
Հիմա Էդգարն աշխատանք ունի: Ճիշտ է, նա ունի այլ նախասիրություններ՝ գրում է երաժշտություն, բանաստեղծություններ, սակայն գիտակցում է, որ դրանով ընտանիքը չի կարող պահել: Արհեստագործական ուսումնարանում Էդգարը մասնագիտացել է կահույքագործության մեջ եւ այժմ աշխատում է այդ բնագավառում:
Ութ հոգանոց ընտանիքն ապրում է՝ ծայրը ծայրին հասցնելով, սակայն տիկին Սիրանուշը հույս ունի, որ երբ տղաները մեծանան, իրեն թեւ ու թիկունք կլինեն, քանի որ բոլորն էլ տաղանդավոր են ու խելացի: Սակայն կնոջը մի բան է տանջում. երկրորդ որդու` Արթուրի ճակատագիրը: Արթուրը երկու տարեկանից սկսած պարել է եւ խմբով հյուրախաղերի մեկնել մի շարք երկրներ՝ Սիրիա, Հունաստան, ԱՊՀ երկրներ, ԱՄՆ: Նրա ճկուն կառուցվածքն ու բնածին տաղանդն այնքան է հիացրել այդ ոլորտի մասնագետներին, որ նրանք մեծ ապագա են գուշակել Արթուրի համար: Ութերորդ դասարանից նա դպրոցը թողել է եւ ընդունվել պարի ուսումնարան:
Ուսումնարանում սովորելու տարիներին Արթուրը գնալով ավելի լռակյաց ու տխուր է դառնում: Մայրը չի հասկանում նրա տխրության պատճառը, սակայն զգում է, որ նա աստիճանաբար ավելի ու ավելի անտարբեր է դառնում պարի նկատմամբ: Եվ մի օր (երբ արդեն պիտի ավարտեր ուսումնարանը) մորը հայտնում է, թե ինքն այլեւս չի ուզում շարունակել պարը:
“Դա ինձ համար մեծ հարված էր, սակայն ես հասկանում էի, որ տղան հիասթափված է սոցիալական անհավասարությունից եւ միջավայրից, որտեղ դա նրան զգացնել էին տալիս: Արթուրը հայտնվել էր հոգեբանական ծայրահեղ լարված վիճակում, ես անգամ նրա մոտ չէի բացում այն ալբոմը, որտեղ ամփոփված են նրա լուսանկարները՝ աշխարհի տարբեր երկրներում անցկացրած հյուրախաղերից”,- տխուր պատմում է տիկին Սիրանուշն ու շարունակում:- Երբ հյուրախաղերով մեկնել էին ԱՄՆ, Արթուրը ութ տարեկան էր: Ութ ամիս մնացին այնտեղ: Այդ ընթացքում երեխաներից յուրաքանչյուրին մի ընտանիք վերցրել է եւ պահել: Արթուրին վերցրել են մեծահարուստ ամուսիններ, ովքեր երեխաներ չեն ունեցել: Վերջում նրանք խմբի ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է տղային որդեգրել: Վերջինս, իհարկե, մերժել է: Հիմա մտածում եմ` տեսնես ինչպե՞ս դասավորված կլիներ Արթուրի կյանքը, եթե նա մնար ԱՄՆ-ում: Միգուցե նա հիմա հանրահայտ պարող էր”,- ասում է Սիրանուշը: