Սիրելի՛ Հռիփսիմեին
Մենք պարտավո՛ր ենք շարունակել
նվիրյալ և անձնուրաց ՄԱՐԴՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեծ կորուստ ունեցավ. մեզանից հեռացավ կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը, ջանքերը և եռանդը ներդրեց մի հզոր սոցիալական կառույցի՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրմանը և կայացմանը՝ ՀՀ սոցիալական ոլորտում ներդնելով մի մոդել, որը շատ արագ ձեռք բերեց մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանում:
Իր հոգում արմատավորված մարդասիրությամբ և մեծ նվիրումով՝ ողջ կյանքի ընթացքում նա սովորեցրեց ապրելու խորհուրդը. կարեկցել ու աջակցել, պայքարել ու չհանձնվել: Նրա համար չկային անհաղթահարելի դժվարություններ, և սակայն, երկար մաքառելով անբուժելի ծանր հիվանդության դեմ ու բնավ ցույց չտալով կրող տառապանքները՝ անզոր գտնվեց:
2016թ.օգոստոսի 29-ին կորցրեցինք մեծ նվիրյալի, ով իր կենսակերպով, կրող գաղափարներով, հայ մարդու հոգեկերտվածքով և հանձնառությամբ՝ մեծ հետք թողեց մեր երկրի մարդասիրական գործունեության ոլորտում: Նա հիմնեց, խնամեց, աճեցրեց ու կայացրեց մի ամբողջ համակարգ և գործեց մինչև վերջին շունչը, մինչև վերջին ուժերը՝ հաղթահարելով ցանկացած դժվարություն:
Նա մեծ քրտինքով սերմանեց անհամար բարի սերմեր, ճաշակել տվեց նրա պտուղներից, ու թող այդ պտուղներ տվող ծառերի տարածվող սաղարթները լինեն մշտադալար ու բազմաբեր:
Միշտ կհիշենք նրան՝ որպես բազմաբեղուն, լի ավյունով, անխոնջ արարելու անսպառ եռանդով, լայնախոհ, բարեսեր և անձնուրաց ՀԱՅ ՄԱՐԴՈՒ տեսակ:
Սիրելի՛ Հռիփսիմե, դու մեզ տվեցիր քո ամբողջ ուժերը, միտքն ու գաղափարները, գործելակերպն ու սկզբունքները: Մենք պարտավորվում ենք շարունակել և առավել զարգացնել քո քրտինքով և աննահանջ պայքարով հիմնած գործը: Քո նպատակներն իրականություն են դարձած, իսկ գործունեությունը՝ հանձինս ինքնաբավ դարձած հազարավոր շահառուների, արդեն ամուր արմատներ ունի սոցիալական դաշտի անդաստաններում:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատակազմ