Skip to main content

Ծագման երկրի տեղեկության վերջին սեմինարը և վկայականների հանձնման արարողությունը ԵՊՀ-ում

2023թ․ մարտի 14-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Դատակն նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծագման երկրի տեղեկության հետազոտության փորձնակի ծրագիր՝ Հայաստանում ապաստանի համակարգը բարելավելու համար» ծրագրի շրջանակում իրականացվող փախստականների ծագման երկրի մասին վերջին սեմինարը։

Միգրացիոն նոր միտումները և գործընթացները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան պարոն Ղազարյանին ուղղել իրենց հուզող հարցերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում միգրացիայի, դրա պատճառների, ոլորտային խնդիրների, մարտահրավերների մասին։ Ուսանողներին ներկայացվեցին նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առկա հաստիքները։ Քննարկվեց նաև ուսանողների համար ճանաչողական այցի կազմակերպումը։

Դասախոսությանը հաջորդեց վկայականների և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջազգային կապերի գծով դեկանի տեղակալ Աննա Մարգարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկած դասախոսներ։ Տիկին Մարգարյանը և պարոն Մելքոնյանն իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով մրցունակ գիտելիքներով ուսանողների դերի կարևորությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ այլ ոլորտներում։

Միջոցառմանը միացել էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջենիֆեր Մըքանդրյուն իր բացման խոսքում կարևորեց Հայաստանում ապաստանի գործընթացի բարելավման գործում ծագման երկրի տեղեկության դերը և այդ երկրների ուսումնասիրությունը՝ ընդգծելով այդ գործում «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցությունը։

«Առաքելություն Հայաստան»-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով ստացած գիտելիքի կարևորությունն ու կիրառման առանձնահատկությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության գործում։

«Ծագման երկրի տեղեկության հետազոտության փորձնակի ծրագիր՝ Հայաստանում ապաստանի համակարգը բարելավելու համար» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ։