Skip to main content

Մարդուն պետք է ընձեռել ապագա կառուցելու հնարավորություն. «Առաքելություն Հայաստան»

25.05.2015թ.

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 1988 թվականը ծանր և բարդ էր՝ Արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, փախստականների ներգաղթ, այնուհետև` կործանարար երկրաշարժ… Խոցված վերքեր, խոցելի ընտանիքներ. բազմահազար մարդիկ օգնության կարիք ունեին: Տեսնելով այդ ամենը և զգալով աջակցության անհրաժեշտությունը` «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրները համախմբվեցին մարդկանց կամավոր օգնելու գաղափարի շուրջ: «Առաքելություն Հայատան»-ի սկզբնավորման, անցած ճանապարհի եւ հետագա գործունեության մասին «Արմենպրեսը» զրուցել է կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի հետ:

-Տիկին Կիրակոսյան որքա՞ն ժամանակ է արդեն, որ «Առաքելություն Հայաստանը» ծավալում է իր գործունեությունը:

-Փաստացի մեր գործունեության սկիզբը դրվեց 1988-ին, երբ մենք համախոհներով միավորվեցինք՝ օգնելու աղետալի երկրաշարժից, արցախյան պատերազմից տուժածներին և փախստականներին, իսկ արդեն որպես հասարակական կազմակերպություն «Առաքելություն Հայաստանը» պաշտոնապես գրանցվել է 1993 թվականին` անմիջապես «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո: Իր ակտիվ գործունեության շուրջ քսանհինգ տարիների ընթացքում մեր կազմակերպությունը կարողացավ դառնալ ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում փորձառությամբ և գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող հասարակական կառույց, որն այսօր Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 22 քաղաքներում իր կողմից հիմնած շուրջ հինգ տասնյակ ենթակառույցների միջոցով hամայնքահեն բազմաբնույթ ծառայություններ է մատուցում շուրջ 8.000 շահառուների:

-Կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել կազմակերպությունը և ո՞րն է այսօր «Առաքելություն Հայաստանի» հիմնական առաքելությունը:

-Սկզբում մեր գործունեությունն ինքնաբուխ էր. կարիքավորներին ապահովում էինք հագուստով, սննդով, տրամադրում բուժծառայություն, զբաղվում խնամքի կարիք ունեցողներով և անում ամեն հնարավորն ու անհնարը նրանց օգնելու համար: Այդ ժամանակ ոչ գիշեր կար, ոչ ցերեկ. աշխատում էինք առանց հոգնելու և ամենայն սիրով: Իսկ այսօր արդեն կարող ենք հպարտությամբ բարձրաձայնել, որ այս տարիների ընթացքում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն ստեղծեց, ներդրեց և զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման ընդհանրական ուրույն համակարգ, որն իր այլընտրանքը չունի ո՛չ պետական և ո՛չ էլ հասարակական սեկտորում: Այն հնարավորություն ընձեռեց տարեցներին, հաշմանդամներին, փախստականներին, ժամանակավոր ապաստան հայցողներին և այլ խոցելի խմբերին իրենց իսկ տներում և համայնքներում ստանալ իրենց անհատական կարողություններին ու կենսական պահանջներին համապատասխան, բազմաբնույթ սոցիալ-առողջապահական ծառայություններ: Որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցումը՝ մեր կազմակերպությունը ոչ միայն մատուցում է ծառայություններ, այլ նաև ձգտում է նպաստել համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության բարելավմանը և սոցիալական գործընկերության զարգացմանը:

-Ո՞ր կառույցների հետ է համագործակցում Ձեր կազմակերպությունը:

-Ծառայություններ մատուցելիս մենք առաջնորդվում ենք մեր իսկ կողմից ստեղծված համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մոդելով, որի հիմքում ընկած է դասական սոցիալական աշխատանքը: Եվ պետք է նշեմ, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հիմնած այս մոդելը ձեռք է բերել մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանում՝ ներդրվելով նաև Վրաստանում, Ադրբեջանում և Դաղստանում: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հիմնադիրն է Սևծովյան տարածաշրջանի 12 երկրների շուրջ 50 հասարակական կազմակերպություններ միավորող «Սևծովյան ՀԿ-ների միջազգային միության», որի քարտուղարությունը մշտապես հաստատված է Հայաստանում և ղեկավարվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից:

Շատ եմ կարևորում տեղական և հատկապես միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային սերտ հարաբերությունները: Կցանկանայի խոսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR), Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ մեր համագործակցության մասին, որի արդյունքում շահառուների կարիքից ելնելով կարողացել ենք ընդլայնել մատուցվող ծառայությունների ու շահառուների շրջանակը և իրականացնել ընդգրկուն, նպատակային ծրագրեր: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն՝ որպես գործընկեր, ՄԱԿ ՓԳՀ-ի հետ աշխատում է 1994 թվականից առ այսօր և շարունակում է իրականացնել ու ընդլայնել իր կողմից մատուցվող սոցիալ-առողջապահական և ուսումնական ծրագրեր Ադրբեջանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ներգաղթած փախստականների համար: Առանձնապես կարևորում եմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունն այն առումով, որ ի թիվս վերոնշյալ փախստականների՝ նա անգնահատելի աջակցություն է ցուցաբերում 2011 թվականից առ այսօր Սիրիայից Հայաստան ներգաղթող փախստականներին նրանց կենսապայմանների՝ /բնակարանի, սննդի, սոցիալ-առողջապահական ծառայությունների, առաջին անհրաժեշտության պարագաների, ուսման, աշխատանքի և այլ/ բարելավման նպատակով: Նրանք 1915 թվականին իրականացված եղեռնի ժամանակ կոտորած, ջարդ և տեղահանություն տեսած սերնդի ժառանգներն են, և Սիրիայում 2011 թվականի մարտ ամսից բռնկված պատերազմից հետո նրանք դարձյալ հայտնվել են նույն աղետի առջև. արտագաղթ, տեղահանություն և դրանից բխող դառը հետևանքներ: ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցության շնորհիվ այսօր Հայաստանում հաստատված սիրիահայ շատ ընտանիքներ փորձում են նոր կյանք սկսել:

-Կխնդրեի պատմել «Առաքելություն Հայաստան»-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

-2013 թվականից Ճապոնիայի Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն իրականացնում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» միջկառավարական ծրագիրը, որի նպատակն է Երևան քաղաքում և Հայաստանի հինգ մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ) հաշմանդամություն ունեցող և աղքատ 4000 անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:

Իսկ 2014-ից մեկնարկել է նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է խթանել բարելավված և կայուն սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում: Ծրագիրը կաշխատի ակտիվ քաղաքացիական նախաձեռնողական խմբերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որպեսզի բարելավվի տեղեկատվական հասանելիությունը նրանց համար, ընդլայնվի նրանց մասնակցությունը քաղաքականության բարեփոխման գործընթացին և ամրապնդվի նրանց կարողությունները ՀՀ կառավարության գործունեության մշտադիտարկման նպատակով:

Այս բոլոր իրականացվող ծրագրերում իրենց մեծ ներդրումն ունեն ՀՀ կառավարությունը՝ հանձինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինները: Այսօր մեր գործընկերների և աջակիցների շարքում են տեղական և միջազգային հեղինակավոր կառույցներ, որոնք բարձր գնահատականի են արժանացրել իրենց գործընկերոջ պրոֆեսիոնալ և թափանցիկ գործելակերպը:

Տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը մեզ թույլ է տվել զգալիորեն ընդլայնել ծառայությունների շահառուներին մատուցվող սոցիալ-առողջապահական ծառայությունների շրջանակը՝ օգնության հասնելով և աջակցություն տրամադրելով տարբեր խոցելի օրեցօր ստվարացող խմբերի ներկայացուցիչների՝ տարեցներին, փախստականներին, հաշմանդամներին, գործազուրկներին և բազմազավակ ընտանիքներին:

Պետք է խոստովանեմ, որ ի սկզբանե մեր գործունեության նպատակն է եղել մարդկանց ինքնաբավ, հնարավորինս կարող դարձնելու ձգտումը: Մարդկանց միայն նյութապես ապահովելը երկարատև և մնայուն արդյունք չի տալիս: Մարդուն պետք է ընձեռել մարդու տեսակին համապատասխան ճիշտ կենսակերպ և ապագա կառուցելու հնարավորություն: Պետք է մարդուն հեռանկար տալ…