Skip to main content

ՀԲ ներկայացուցիչների հանդիպումները «ՀՀ աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակում

22.05.2015թ.

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի հաշմանդամություն ունեցող շահառուներից 80 լավագույնները անցնելով ծրագրով նախատեսված բոլոր փուլերն ու ընթացակարգերը փոքր բիզնես սկսելու նպատակով կստանան աջակցություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից, Ճապոնիայի Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի հինգ ՝ Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, 4000 անապահով և աղքատ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:

«Ծրագիրը հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը, թեև մեր մշտական փորձառությունը վերաբերում է սոցիալ-առողջապահական և սննդի ծառայությունների մատուցման աշխատանքներին: Մեր կազմակերպությունը առաջին անգամ է կազմակերպում մասնագիտական ուսուցում հաշմանդամություն ունեցող անձանց համար խոսք գնում է հատկապես ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի մասին», — նշեց Սոֆի Ներսիսյանը:

Ծրագրի համակարգողը մանրամասնեց, որ առաջին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ծրագրի 800 շահառուների համար մրցունակ մասնագիտությունների ուսուցում՝ ինչպես մասնագիտական ուսումնական հաստատություններում և ԱՀ ԲՀԿ հաշմանդամների ռեսուրս-կենտրոններում, այնպես էլ՝ գործատուների կողմից գործնական ուսուցում աշխատավայրում՝ աշխատանքի հետագա հնարավոր ապահովմամբ:

Ընթացիկ այցով Հայաստանում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինա Պետրովիչը, ով ՀԲ ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանի եւ Ճապոնիայի միջազգային գործակալության Հայաստանյան կապի գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուզաննա Խոջիկյանի հետ համատեղ Երեւանում հանդիպել է ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների մասնակիցների հետ:

«Այս ծրագիրը իրականացվում է իմ հայաստանյան գործընկերների կողմից, և մենք մշտադիտարկման աշխատանքների շրջանակում այցելում ենք ծրագրերի իրականացման վայրեր՝ ծանոթանալու և մեր խորհրդատվությունը տրամադրելու նպատակով: Մեկ բան է տեղյակ լինել աշխատանքների ընթացքին և ունենալ բոլոր թվերը, մեկ այլ բան՝ ներկա գտնվել և տեսնել շահառուների ուրախ աչքերը», — ընդգծեց Մարինա Պետրովիչը:

Նա ուրախություն հայտնեց շահառուների ակտիվությանը ականատես լինելու կապակցությամբ. երկրի տարբեր հատվածներում մինչ օրս մոտ 20 շահառու ավարտել և շարունակում են մասնակցել ծրագրի ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչով նախատեսված դասընթացներին, և մոտակա ժամանակաշրջանում միայն այս ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է եռապատկել մասնակիցների թիվը՝ չնայած հնարավոր գործատուներին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովմանը ներգրավելու համագործակցության հարցում Հայաստանում առկա դժվարություններին:

«Ծրագիրը իրականացնելիս որոշ դժվարություններ են առաջանում. մասնավորապես իրավական դաշտի բացակայության և Համաշխարհային Բանկի բարդ ընթացակարգերի արդյունքում գործատուները խուսափում են նման կարգի աշխատանքներում ներառվելուց: Այդ առումով պետք է նշեմ, որ Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ն հսկայածավալ աշխատանք է իրականացնում՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները և մասնագիտական կապերը գործատուների ներգրավման և մասնագիտական ուսուցումների կազմակերպման համար, ապահովելով Համաշխարհային բանկի ընթացակարգերով պահանջվող համապատասխան փաստաթղթերը և գործընթացների թափանցիկությունը», — հայտնեց ՀԲ ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանը:

Ծրագրի ներկայացուցիչները այցելել են ծրագրի ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչով նախատեսված «Մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների միջսենյակային դռների և կահույքի արտադրություն», «Կար ու ձև», ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Ավան-Առինջի հաշմանդամների ռեսուրս-կենտրոնում ծրագրի բաղադրիչ 1-ի՝ բիզնեսի կառավարման հմտություններ ենթաբաղադրիչով նախատեսված և բաղադրիչ 3-ի՝ շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված շահերի պաշտպանության դասընթացները:

«Որպես Արցախյան պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող անձ՝ հրավեր ստացա մասնակցելու ծրագրին: Սա մասնագիտություն է, որը հնարավորություն կտա ինձ ապագայում ունենալ մի կտոր հաց: Դասընթացները նոր են սկսել, և այն, ինչ ցույց են տվել, բավական հետաքրքիր է. արդեն ծանոթացել ենք պլաստիկե պատուհանների պատրաստմանը, այնուհետ ծանոթանալու ենք փայտագործությանը և կդառնանք լայն պրոֆիլի մասնագետ», — նշեց ծրագրի շահառու Արթուր Գաբրիելյանը:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի բաղադրիչ 2-ի շրջանակներում նախատեսվում է մատուցվող սոցիալ-առողջապահական և սննդի ծառայությունների շնորհիվ բավարարել շուրջ չորս հազար անապահով և աղքատ մարդկանց բազմաբնույթ կենսական սոցիալ-առողջապահական կարիքները: Իսկ 3-րդ բաղադրիչի շրջանակներում նաև նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնել 12 հասարակական կառույցների բարեհարմարեցում, ինչպես նաև 12 ռեսուրս- կենտրոններում ներառական միջավայր ստեղծելու միջոցառումներ, ինչը կնպաստի նրանց անարգել տեղաշարժմանը:

Լուսանկարը` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի