Skip to main content

ՀԲ ներկայացուցիչները ծանոթացել են «ՀՀ աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի ընթացքին

24.11.2015թ.

Ընթացիկ այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինա Պետրովիչը՝ ՀԲ ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանի եւ Ճապոնիայի միջազգային գործակալության հայաստանյան կապի գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուզաննա Խոջիկյանի հետ, մայիսի 13-ին Երեւանում հանդիպել է ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացների մասնակիցների հետ:

Ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀԲ-ի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Այցելության առաջին կանգառը ծրագրի աշխատավայրում ուսուցում ենթաբաղադրիչով իրականացվող «Մետաղապլաստե դռների եւ պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների եւ կահույքի արտադրության» դասընթացն էր, որն իրականացվում է «Զորիկ Ավետիսյան» ԱՁ-ի կողմից:

Ծրագրի աշխատավայրում ուսուցում ենթաբաղադրիչով իրականացվող դասընթացին մասնակցում է ծրագրի 4 շահառու: Հաջողությամբ ավարտելու դեպքում ուսուցման ավարտին նրանք կստանան կահույքի, մետաղապլաստե դռների եւ պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների արտադրության մասնագետի որակավորում:

«Ինձ ընտրեցին որպես պատերազմի մասնակից եւ հաշմանդամություն ունեցող մարդ: Լավ մասնագիտություն է, եւ ապագայում կարելի է աշխատանք գտնել: Այս դասընթացները մեզ լայնապրոֆիլ մասնագետ են դարձնում»,- նշել է ծրագրի շահառուներից Արթուր Գաբրիելյանը:

Ծրագրի ներկայացուցիչները այցելել են նաեւ նույն ենթաբաղադրիչով իրականացվող «Կար ու ձեւ» ուսուցման մասնակիցներին: Այն իրականացվում է «Մարի Չաքրյան» ԱՁ-ի կողմից: Երկու շահառուները ուսուցումը հաջողությամբ ավարտելուց հետո կստանան կար ու ձեւի (դերձակ) մասնագիտական որակավորում:

Երրորդ կանգառը եղել է «Առաքելություն Հայաստան»-ի Ավան-Առինջի հաշմանդամություն ունեցող անձանց ռեսուրս կենտրոնը, որտեղ ընթանում են բիզնեսի կառավարման հմտություններ ենթաբաղադրիչով եւ բաղադրիչ 3-ի՝ շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված շահերի պաշտպանության դասընթացները:

«Մենք աջակցում ենք այն ծրագրերի իրականացմանը, որոնք ֆինանսավորում ենք եւ անում ենք դա տարին երկու անգամ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ նմանատիպ այցելություններ ենք իրականացնում` տեսնելու, թե ինչպես են ընթանում մեր ծրագրերը: Շատ ուրախ եմ տեսնել կատարված եւ կատարվող աշխատանքը եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը՝ ծրագրի իրագործման ուղղությամբ իր ներդրած ջանքերի համար: Այո, գուցե այսօր հեշտ չէ այդ մարդկանց տեղավորել աշխատանքի, սակայն ուրախ եմ տեսնել, որ որոշ գործատուներ իսկապես հետաքրքրված են համագործակցել մեզ հետ»,- նշել է Մարինա Պետրովիչը:

«Գործատուների հետ մեծ ծավալի բացատրական աշխատանք է տարվել, կարողացել ենք նրանց համոզել, որ հաշմանդամություն ունեցողներին ռեսուրս տան, եւ հետագայում նրանց մի մասին առնվազն 3 ամսով աշխատանքի վերցնեն»,- ասել է ՀԲ ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանը:

«Առաքելություն Հայաստան»-ի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանն էլ նշել է, որ առաջին անգամ են մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչ մասերից: Առաջինը մասնագիտական ուսուցման կազմակերպումն է քոլեջներում, աշխատավայրերում եւ «Առաքելություն Հայաստան»-ի ռեսուրս կենտրոններում: Ծրագրի 800 շահառուների համար մրցունակ մասնագիտությունների ուսուցում ենք կազմակերպում, ինչպես նաեւ գործատուների կողմից պրակտիկ ուսուցում աշխատավայրում՝ աշխատանքի հետագա հնարավոր ապահովմամբ: Հաջորդ բաղադրիչը նախատեսում է մատուցվող սոցիալ-առողջապահական եւ սննդի ծառայությունների շնորհիվ բավարարել անապահով եւ աղքատ մարդկանց բազմաբնույթ կենսական սոցիալ-առողջապահական կարիքները: Երրորդ բաղադրիչի շրջանակում էլ նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնել 12 հասարակական կառույցների բարեհարմարեցում, ինչպես նաեւ 12 ռեսուրս կենտրոններում ներառական միջավայր ստեղծելու միջոցառումներ, ինչը կնպաստի նրանց անարգել տեղաշարժմանը, ինչպես նաեւ կազմակերպել շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված միջոցառումներ, որոնք նրանց կդարձնեն լավ իրազելված եւ կարող պաշտպանելու սեփական շահերն ու իրավունքները»,- տեղեկացրել է Սոֆի Ներսիսյանը:

Նշենք, որ «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013թ.: Ծրագրի նպատակն է Երեւանում եւ Հայաստանի 5 մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք եւ Շիրակ) հաշմանդամություն ունեցող եւ աղքատ անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմաններ եւ զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաեւ նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ: