30.07.2015թ.
«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի առաջին «մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում» բաղադրիչի «ուսուցում աշխատավայրում» ենթաբաղադրիչի շրջանակներում Ճամբարակ քաղաքում մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությամբ զբաղվող «Վազգեն Ադամյան» Ա/Ձ-ի արտադրամասում երեք տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող անձիք մասնակցել են եռամսյա դասընթացների, որի արդյունքում ձեռք են բերել մասնագիտական հմտություններ:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրման մասնագետի որակավորում: Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վերոնշյալ ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը, 2013 թվականից «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի միջոցով փորձում են հնարավորինս լուծել հաշմանդամների զբաղվածության և մասնագիտական ուսուցման խնդիրները:
Ըստ նրա` ծրագրի վերոնշյալ բաղադրիչի առանձնահատկությունն այն է, որ եռամսյա մասնագիտական ուսուցման ավարտից հետո լավագույնները հնարավորություն են ստանում աշխատել տվյալ հաստատությունում:
«Նմանատիպ ծրագրերի նպատակային ու հաջող ընթացքը, տեսանելի արդյունքները թե՛ հանրության, և թե՛խոցելի խմբերի մոտ ստեղծում են համոզմունք առ այն, որ զբաղվածության հասանելիության բարելավումը հաշմանդամների բազմաթիվ հիմնահարցերի լուծման ամենաարդյունավետ ուղին է, որն անմիջականորեն խթանում է նրանց ինքնուրույնությունը, ինքնավստահությունը և մեծապես բարձրացնում սոցիալական ներգրավվածության մակարդակը»,- ասաց Ս. Ներսիսյանը:
«Սկզբից բարդ էր, երբ ծանոթացա գործիքներին և մատերիալին, մտածում էի՝ ինչպես կարող եմ պատրաստել կամ հմտանալ այս նուրբ գործում, սակայն հետո կամաց-կամաց սովորեցի»,- պատմել է աշխատավայրում ուսուցման մասնակից Գրիգորյան Սերոբը: Նրա կարծիքով, եթե անգամ հենց տեղի արտադրամասում չստացվի աշխատել, ապա ուրիշ աշխատավայր անպայաման կգտնի և հեշտությամբ կկարողանա օգտագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները:
Մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությամբ զբաղվող «Վազգեն Ադամյան» Ա/Ձ-ի արտադրամասում իրականացված եռամսյա դասընթացների մյուս մասնակից Արսեն Աբգարյանը բավարար է համարել եռամսյա ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքները հետագայում կիրառելու և աշխատելու տեսանկյունից:
Նա նշել է, որ չնայած թևի հետ կապված մի շարք խնդիրների` կարողացել է հաճախել բոլոր դասերին և մասնակցել պատուհաների ու դռների պատրաստման և տեղադրման աշխատանքներին:
Դասընթացների մասնակիցները հավաստիացրել են, որ ձեռք բերած հմտությունները և գիտելիքները կկարողանան անպայման օգտագործել և սեփական ուժերով վաստակել ապրուստի միջոցներ:
Մասնակիցները մտավախություն են հայտնել հետագա աշխատանքի կայունության ու աշխատավարձի չափի հետ կապված, քանի որ ըստ նրանց` աշխատելու դեպքում հնարավոր է իրենց ընտանիքները զրկվեն պետության կողմից տրամադրվող ընտանեկան նպաստից:
Ծրագրի հաջող իրականացումը ոգևորիչ է եղել նաև գործատուի համար: «Վազգեն Ադամյան» Ա/Ձ-ի տնօրեն Վազգեն Ադամյանը ընդգծել է, որ ծրագրի հաջող ընթացքը և ավարտը մեծ ձեռքբերում է իրենց արտադրամասի և աշխատակազմի համար. «Նախկինում չի եղել նման ձևաչափ՝ ուսուցում աշխատավայրում՝ այն էլ հաշմանդամություն ունեցող անձանց հետ»,- ասել է Վ.Ադամյանը և հավելել, որ ամեն ինչ արել են նման ռիսկային ուսուցում կազմակերպելու և այն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար:
Նա նշել է, որ իրենց փորձը հաջողությամբ դեռ կշարունակեն կիրառել տարբեր համայնքներում և տարբեր գործատուների կողմից:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»