Skip to main content

«Ճաք է տվել լռությունս»

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վալյա Մարգարյանի «Ճաք է տվել լռությունս» գրքի շնորհանդեսը
Ցանկացած արվեստագետ ունի իր արտահայտչամիջոցը` քանդակ, կտավ, երաժշտական գործիք եւ այլն: Վալյա Մարգարյանի «զենքն» իր գրական ստեղծագործությունն է, որն այսօր նա ներկայացրեց իր ընկերներին, մտերիմներին ու կոլեգաներին:

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Թովման արդեն հասցրել էր հատվածներ ընթերցել գրքից:

«Գիրքն ինձ միանգամից վարակեց: Պետք է նշեմ, որ մի աննկարագրելի ուժ կա գրքում, որը ստիպում է մեկ շնչով ընթերցել այն: Ժողովածուն կենդանի շնչով ներկայացնում է Ծովագյուղը, տեղի բարքերն ու կոլորիտը, ինչի միջոցով մենք կարողանում ենք վերապրել այն ժամանակվա կյանքը»,- նշեց տեր Թովման եւ հավելեց, որ գիրքը մեզ բոլորիս կօգնի գնահատելու ու հասկանալու ներկան եւ կառուցելու մեր ապագան:

Վալյա Մարգարյանի լավագույն ընկեր ու բարեկամ, գրող Գոհար Մարտիկյանը նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին: Տիկին Մարտիկյանն առանձնացրեց ստեղծագործության լեզուն, որը գրքի մեծագույն արժեքներից մեկն է. «Որքա՜ն երկար լռեց Վալյան ու ամբարեց իր պատմությունը… Որքա՜ն ուժ ու կորով գտավ իր մեջ, վերցրեց գրիչն ու գրեց այն, ինչի մասին թույլ, պատմության արժեքը չիմացող մարդը չէր կարող գրել: Հույս ունեմ, որ Վալյայի լռությունը եւս մեկ անգամ կճեղքվի»,- նշեց Գ. Մարտիկյանը: