01.01.2016թ.
Ավելի քան 100 հաշմանդամություն ունեցող անձիք Երևանից մասնակցել են 2015 թվականի ապրիլից մեկնարկած հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դասընթացներին, որոնք իրականացվել են «Առաքելություն Հայաստան» բերագործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) կողմից «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային Ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակներում:
Հաշմանդամություն ունեցող անձանց բազմաբնույթ հիմնահարցերի շուրջ իրազեկվածության բարձրացման, սեփական շահերի ու իրավունքների պաշտպանության զարգացմանն ուղղված դասընթացների շարքի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին առավել ներգրավված լինելուն:
Վերոնշյալ դասընթացների շրջանակներում ԱՀ ԲՀԿ-ի շահառուների հետ վերջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 25-ի բարեգործական կազմակերպության Ավան-Առինջ ռեսուրս կենտրոնում:
Հանդիպում-քննարկման ընթացքում դասընթացի մասնակիցները ամփոփեցին իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում ստացած գիտելիքները, կատարված աշխատանքների արդյունքները, գնահատեցին դասընթացների արդյունավետությունը՝ իրենց ունեցած փորձի միջոցով:
Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ ԲՀԿ-ի սոցիալական աշխատանքի խորհրդատու, կազմակերպության Ավան-Առինջ ռեսուրս կենտրոնում շահերի պաշտպանության դասընթացների կազմակերպման պատասխանատու Սոնա Հարությունյանը, Ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձինք ծանոթացել են ինչպես իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներին, այնպես էլ զարգացրել են արդյունավետ հաղորդակցության իրենց կարողությունները, վերլուծական մտածողությունը և ակտիվ լսելու հմտությունները, որոնք անհրաժեշտ են սեփական շահերը, իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու տեսանկյունից: «Դասընթացների նպատակներից էր շահառուներին տեղեկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում շահերի պաշտպանության գործընթացը, ինչ գործիքակազմով է այն իրականացվում. հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել նրանց իրավունքներին և արտոնություններին կրթության, առողջապահության, զբաղվածության և այլ ոլորտներում»,- ասաց նա:
Ամփոփելով և գնահատելով իրականացված աշխատանքների արդյունքները՝ Սոնա Հարությունյանը ամենամեծ ձեռքբերումը համարեց Ծրագրի երրորդ բաղադրիչի իրականցման արդյուքնում շահառուների պատկերացումների փոխոթխությունն իրենց կարողությունների վերաբերյալ. «Նրանք հասկացան, որ առաջինը հենց իրենք պետք է պաշտպանեն իրենց շահերը, մեծ է մեր ուրախությունը, երբ լսում ենք, թե ինչ ոգևորությամբ են շահառուները պատմում այս կամ այն խնդրահարույց դեպքի մասին, որոնց նրանք կարողացել են լուծում տալ՝ տիրապետելով իրենց իրավունքներին և կարողանալով պաշտպանել դրանք»:
ԱՀ ԲՀԿ-ի շահառու, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող Մարգարիտա Ավչյանը տեղեկացրեց, որ մինչև շահերի պաշտպանության դասընթացին մասնակցելը, մասնակցել է նաև Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացվող «Համակարգչային գրագիտություն» դասընթացին:
«Որոշեցի մասնակցել նաև այս դասընթացներին, քանի որ միայն մեր իրավունքներին և շահերին տեղեկացված լինելու միջոցով կկարողանանք պաշտպանել դրանք: Այս դասընթացը մեզ օգնում է աշխատաշուկայում դառնալ մրցունակ, իմանալ մեր իրավունքները, ինչը կօգնի մեզ աշխատանք գտնելու հարցում»,- ասաց Մ. Ավչյանը` հավելելով, որ դասընթացի ավարտին իրենք մասնակցել են ամփոփիչ կլոր սեղան քննարկման Զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններիս են ներկայացրել աշխատանք փնտրելու ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները:
«Չորս տարի է՝ «Առաքելություն Հայաստանի» շահառու եմ: Մասնակցելով նաև շահերի պաշտպանության այս դասընթացներին՝ ստացել եմ շատ գիտելիքներ, ինչի համար շնորհակալ եմ մեր բարեհամբույր և համբերատար դասընթացավարներին, ովքեր մեծ ըմբռնումով և սիրով մեզ ծանոթացրին այս ոլորտի առանձնահատկություններին»,- նշեց կազամակերպության շահառու,1-ին խմբի հաշմանդամություն ունեցող Հրաչյա Ավետիսյանը` ընդգծելով, որ բացի անհրաժեշտ գիտելիքներից, ձեռք է բերել նոր ընկերներ:
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ծրագրի ինքնօգնության խմբերի հանդիպումը Շենգավիթի, Ավանի, Աջափնյակի, Նոր Նորքի, Արաբկիրի զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչների և Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել են իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, խնդիրները, որոնց հետ հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես առնչվում են աշխատանք փնտրելիս: Կլոր սեղան քննարկման ժամանակ մասնակից շահառուները նաև ներկայացրել են խնդիրների լուծման իրենց առաջարկները:
Հանդիպման ընթացքում զրույց ունեցանք նաև դասընթացի մասնակիցների հետ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը դասընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:
«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի հինգ մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ) հաշմանդամություն ունեցող և աղքատ 4000 անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ- առողջապահական ծառայություններ:
Ծրագրի իրականացման ընթացքում առ այսօր Ծրագրի 3-րդ բաղադրիչի մասով շահերի պաշտպանության թեմայով 1112 շահառուների համար անցկացվել է 235 թրեյնինգ: