Skip to main content

Արտաշատում 8 տարի անց վերաբացվեց ԱՀ ԲՀԿ-ի բարեգործական ճաշարանը

24.11.2015թ.

Արտաշատում 8 տարի անց Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ վերաբացվեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) բարեգործական ճաշարանը: Այսուհետ ԱՀ ԲՀԿ-ի շուրջ 60 շահառու կօգտվի ճաշարանից, իսկ 104 շահառու կշարունակի ստանալ տնային խնամքի ծառայություններ:

Բարեգործական ճաշարանի վերաբացման արարողությունը սկսվեց Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի կողմից խորհրդանշական կարմիր ժապավենի կտրումով, որից հետո Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը օրհնեց ճաշարանի աղն ու հացը:

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը տարեցներին ուղղված ողջույնի իր խոսքում նշեց. «Ամենակարևորն առողջություն եմ մաղթում Ձեզ և ուզում հավատացնել, որ ուշադրությունը Ձեր նկատմաբ ոչ թե առիթից առիթ է լինելու, այլ փորձելու եմ ողջ տարվա ընթացքում Ձեր կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդրի հետամուտ լինել»:

Նրա պնդմամբ, թե Արտաշատի քաղաքապետարանը, թե ինքն ամեն ինչ անելու են, որպեսզի քաղաքի տարեց բնակիչների համար ապահովեն անհոգ ծերություն:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի փոխանցմամբ` Արտաշատում ճաշարանը արդյունավետ գործել է 2002 – 2008 թվականներին, սակայն գտնվել է այլ տարածքում:

Ըստ նրա` 2008 թվականից հետո «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի գործունեությունը Արտաշատում շարունակվել է միայն տնային սպասարկմամբ, իսկ ճաշարանի տարածքը օգտագործվել է տարեցների համար կազմակերպված միջոցառումների անցկացման, նրանց ազատ ժամանցի կազմակերպման համար:

«Հպարտ եմ, որ այսօր մենք, շնորհիվ Արտաշատի քաղաքապետի, վերաբացում ենք մեր ճաշարանը, և վստահ եմ, որ սա նրա հետ մեր առաջին, բայց ամենևին ոչ վերջին համատեղ նախաձեռնությունն է»,- ասաց Հ. Կիրակոսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ` ճաշարանը վերանորոգվել է համաձայն իրենց մոդելի՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն բոլոր պայմանները` սոցիալական սենյակ, բուժկետ, համապատասխան խոհանոց և սանհանգույց:

«Շատ կցանկանայի, որպեսզի մեր երիտասարդները ճիշտ ընկալեն տարեցներին, նրանց տեսնեն ոչ թե որպես բեռ, այլ խորհրդատու և ռեսուրս»,- ընդգծեց Հ. Կիրակոսյանը:

Նրա կարծիքով` երիտասարդները պետք է աջակցեն տարեցներին ակտիվ կյանք վարելու առումով, քանի որ դա կնպաստի նրանց առողջ լինելուն:

Միջոցառմանը ներկա գտնվող ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկաներին և տարեցներին շնորհավորեց ինչպես Տարեցների միջազգային օրվա, այնպես էլ բարեգործական ճաշարանի վերաբացման կապակցությամբ:

Նա շնորհակալություն հայտնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և Արտաշատի քաղաքապետին նման բարենպատակ նախաձեռնություն իրականացնելու համար: