Skip to main content

«Առաքելություն Հայաստան»-ը նվեր է մատուցել Արտաշատի տարեցներին


01.10.2015թ.

1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Տարեցների միջազգային օր: Օրվա առթիվ այսօր ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերաբացվեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) բարեգործական ճաշարանը: Ճաշարանի վերաբացումը Արտաշատի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հատուկ նվերն էր քաղաքի տարեց բնակիչներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, Արտաշատի քաղաքապետարանի սոցիալական հարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, քաղաքի տարեց բնակիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը, որից հետո Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը օրհնեց ճաշարանի աղն ու հացը:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Շնորհավորում եմ տարեցների օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և Արտաշատի քաղաքապետին այս բարենպատակ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար: Սիրելի՛ տարեցներ, ձեզ մաղթում եմ առողջություն, ամենալավն ու բարին»,- ողջունելով ներկաներին ասաց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

«Ամենակարևորն առողջություն եմ մաղթում ձեզ: Ուզում եմ հավատացնել, որ ուշադրությունը ձեր նկատմաբ ոչ թե առիթից առիթ է լինելու, այլ փորձելու եմ ողջ տարվա ընթացքում ձեր կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդրի հետամուտ լինել: Եվ՛ մեր քաղաքապետարանը, և՛ ես ուշադիր ենք լինելու, աշխատելու ենք և անելու ամեն ինչ, որպեսզի ձեզ համար ապահովենք անհոգ ծերություն: Շնորհավորում եմ ձեզ ևս մեկ անգամ»,- իր խոսքում նշեց Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ևս ողջունեց ներկաներին և նշեց, որ Արտաշատում ճաշարանը արդյունավետ գործել է 2002 — 2008թթ., սակայն գտնվել է այլ տարածքում: 2008թ.-ից հետո Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գործունեությունը Արտաշատում շարունակվել է միայն տնային սպասարկմամբ, իսկ ճաշարանի տարածքը օգտագործվել տարեցների համար կազմակերպված միջոցառումների անցկացման, նրանց ազատ ժամանցի կազմակերպման համար: Հպարտ եմ, որ այսօր մենք, շնորհիվ Արտաշատի քաղաքապետի, վերաբացում ենք մեր ճաշարանը, և վստահ եմ, որ սա նրա հետ մեր առաջին, բայց ամենևին ոչ վերջին համատեղ նախաձեռնությունն է: Այս ճաշարանի վերաբացմանը յուրաքանչյուրս մեր չափով աջակցեցինք. իհարկե մենք մեր միջոցները ստանում ենք ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի, USAID –ի և այլ կառույցների միջոցով, իսկ այս ծրագրին մասնակցեց նաև Արտաշատի քաղաքապետարանը: Պետք է նշեմ, որ ճաշարանը վերանորոգվել է համաձայն մեր մոդելի՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն բոլոր պայմանները՝ սոցիալական սենյակ, բուժկետ, համապատասխան խոհանոց և սանհանգույց»:

Ավարտելով խոսքը տիկին Կիրակոսյանը շնորհավորեց տարեցներին և հավելեց, որ շատ կցանկանար, որպեսզի մեր երիտասարդները ճիշտ ընկալեն տարեցներին, նրանց տեսնեն ոչ թե որպես բեռ այլ խորհրդատու, ռեսուրս, որպեսզի նրանք ակտիվ կյանք վարեն և հնարավորինս առողջ լինեն: Իսկ պետությունը կարողանա պատասխանել նրանց կարիքներին նաև նման ենթակառուցվածքների քանակի ավելացման միջոցով:

«14 տարի աշխատելով այս բնագավառում, պետք է ասեմ, որ թվում է, թե Արտաշատը մոտ լինելով մայրաքաղաքին, երևի թե պետք է աղքատության ավելի ցածր մակարդակ ունենա: Սակայն սոցիալական վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք դեռ ունենք այդ խնդիրը, և հենց այդ է վկայում այսօրվա ճաշարանի բացման պահանջը: Այդ խնդրանքով, նույնիսկ կարելի է ասել պահանջով քաղաքապետին էին դիմել մեր քաղաքի բնակիչները՝ հատկապես տարեցները, քանի որ կենտրոնը գործում է, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով ճաշարանի գործունեությունը 8 տարի է՝ ընդհատվել էր: Մեր քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը, անմիջապես արձագանքեց այս հարցին, և հանձնարարեց ճաշարանը վերաբացել հենց հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝ որպես նվեր դրա կարիքն ունեցող քաղաքի տարեց բնակիչներին: Այսօրվանից 60 շահառու կօգտվեն ճաշարանից, 104 շահառու էլ կշարունակի ստանալ տնային խնամքի ծառայություններ»,- իր խոսքում նշեց Արտաշատի քաղաքապետարանի սոցիալական հարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի հինգ մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ) հաշմանդամություն ունեցող և աղքատ 4000 անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ- առողջապահական ծառայություններ: